ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՆԻՍՏԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵԼՈՒՅԹՈՎ
11.12.2024 18:01Դեկտեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել է նաև «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիայի նախագիծը:
Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանը:
Իր ելույթում Առնոլդ Վարդանյանն անդրադարձել է փաստաբանական ինստիտուտի առաջ ծառացած մի շարք մարտահրավերների՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանում փաստաբանի մասնագիտության պաշտպանությանն ու անկախությանը առաջնահերթություն տալու հրատապ անհրաժեշտություն կա․
«Անցած տարին նշանավորվեց ոստիկանության կողմից փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերով։ 2023 թվականի փետրվարի 9-ին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս երկու փաստաբաններ ոստիկանության բաժանմունքում մի խումբ ոստիկանների կողմից ենթարկել են ֆիզիկական բռնության։ Ոստիկանության ծառայողները երկար ժամանակ ոտքերով և բռունցքով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյելով նրանց։ Այնուհետև փաստաբաններից մեկին բռնի ուժով հեռացրել են ոստիկանության բաժանմունքից:
Այս միջադեպին Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք արձագանքը հանգեցրեց փաստաբանների նկատմամբ բռնության ևս մեկ դեպքի, որը տեղի ունեցավ առաջին դեպքից ընդամենը չորս ամիս անց։ Այս դեպքում ոստիկանության բաժանմունքում ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանին։ Պաշտոնյաները ձեռնաշղթաներ և արցունքաբեր գազ են կիրառել ինչպես փաստաբանի, այնպես էլ նրա պաշտպանյալի նկատմամբ, երբ փաստաբանը փորձում էր կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Հատկանշական է մեղադրյալի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար որոշ ծառայողների մեղադրանք առաջադրվելուն զուգահեռ՝ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և ոստիկանության օրինական գործողություններին խոչընդոտելու համար։
Փաստաբանների համայնքն իր մտահոգությունն է հայտնել այս դեպքերի և տեղական իշխանությունների ոչ համարժեք արձագանքի վերաբերյալ: Սակայն այս բոլոր գործերը չեն հետաքննվել արդյունավետ, օբյեկտիվ և թափանցիկ՝ հակառակ իրավաբանների մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիայի նախագծով նախատեսված կանոնակարգերի: Այս դեպքերը կարևորվել է նաև Human Rights Watch-ի կողմից Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը գնահատող վերջին զեկույցում։»,-ասել է Վարդանյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում բազմաթիվ դեպքերում խախտվել է փաստաբան-հաճախորդ հաղորդակցության գաղտնիությունը։ Նրա խոսքով՝ փաստաբանական ինստիտուտին հասցվող հարվածները ազդում են մասնագիտական պարտականությունները պատշաճ կերպով կատարելու և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վրա:
Մինչդեռ, պետք է գիտակցել, որ տարիներ ի վեր փաստաբանների ջանքերի շնորհիվ է իրավունքը զգալիորեն զարգացել Հայաստանում:
«Փաստաբանները վիճարկել են ներպետական որոշումների օրինականությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որի արդյունքում կայացվել են վճիռներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որոնք նպաստել են ներպետական իրավունքի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
Այնուամենայնիվ, պետական իշխանությունները ոչ միայն չեն կարողանում ստեղծել անհրաժեշտ պայմաններ փաստաբանների գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու համար, այլ նաև լրացուցիչ մարտահրավերներ են դնում։ Այս մարտահրավերները ազդում են ոչ միայն փաստաբանների համար կարևոր երաշխիքների վրա, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում նրանց առօրյա խնդիրների արդյունավետ իրականացման համար»,- ընդգծել է նա:
Փաստաբանական ինստիտուտի համար ներկայում ամենամտահոգիչ զարգացումներից մեկն էլ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական նոր փոփոխությունների ընդունումն է, որի վերաբերյալ ևս առանձնակի ուշադրություն է հրավիրել Փաստաբանների պալատի ներկայացուցիչը:
«Ներկայիս 5% եկամտահարկի փոխարեն փաստաբանները պետք է վճարեն 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 18-23% շահութահարկ: Այս փոփոխությունը կհանգեցնի ընդհանուր հարկային բեռի բարձրացման մոտավորապես յոթ անգամ, քան գործող դրույքաչափն է: Թեև սա կարող է աներևակայելի թվալ, սակայն այս փոփոխությունները փաստաբաններին կենթարկեն նույն հարկային ռեժիմին, ինչ բանկերը, ապահովագրական ընկերությունները և նմանատիպ կազմակերպությունները: Այն դեպքում, երբ առողջապահության, կրթության և ՏՏ ոլորտներն ունեն հարկային արտոնություններ»,-նշել է Առնոլդ Վարդանյանը:
Եզրափակելով իր ելույթը, Փաստաբանների պալատի ներկայացուցիչը նաև նշել է, որ փաստաբանական գործունեության հանդեպ այսօրինակ մոտեցումը հիմնովին անտեսում է փաստաբանների բացառիկ և կենսական դերը հասարակության մեջ՝ որպես արդարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպան: Հատկանշական է նաև այն, որ տարբերություն շահույթի վրա հիմնված բիզնեսների, փաստաբանները կարևոր ներդրում ունեն հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում:
Բեռնել
Վերադառնալ