ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ
30.10.2023 15:36Հարգելի՛ ընթերցող,
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը շարունակում է հարցազրույցների շարքը և Ձեր ուշադրությանն ենք հրավիրում փաստաբան Հայկ Ալումյանի անկեղծ պատասխանները մեր բլից հարցերին:
Մաղթում ենք բարի ընթերցում․
Արթնանում եմ 7։30-7։45 և մարզվում , ապա լոգանք և նախաճաշ։ Մի տեսակ իդեալական ստացվեց, բայց իրականում հենց այդպես էլ անում եմ
2. Թե՞յ, թե՞ սուրճ
Գերադասում եմ թեյը
3. Քչերը գիտեն, որ Դուք․․․
Հոգու խորքում շատ ծույլ եմ։ Ամբողջ կյանքում անընդհատ քողարկել եմ իմ այդ թերությունը և այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ արձանագրել եմ
4.Հայկական ֆիլմերից Ձեր ամենասիրելին ո՞րն է: Նշեք նաև Ձեր հիշողության մեջ տպավորված դրվագ նույն ֆիլմից
«Եռանկյունի» ֆիլմը։ Ամենատպավորիչը եղել է այն պահը, երբ ռազմաճակատ մեկնողները երգում են «Զարթնիր, Լաո»։ Հավատացեք, Սովետական Միության ժամանակ սա անհավանական էմոցիաներ առաջացնող պահ էր։ Նույն ֆիլմում, երբ պարզվում է, որ Գասպարը (ով, լեգենդի համաձայն, 1915 թվականի ջարդերի ժամանակ գասպարավարի լողալով կտրել անցել է Սև ծովը ու այդպես փրկվել) ընդհանրապես լողալ չգիտի և ֆիլմի հերոսը հարցնում է, թե ինչո՞ւ է Գասպարը բոլորին պատմել այդ լեգենդը, իսկ Գասպարը պատասխանում է մոտավորապես այսպես․ «որպեսզի այդ ամբողջ պատմության մեջ գոնե մի գեղեցիկ բան լինի»։
5. Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
Ուրիշի բաժինը
6. Ձեր մասին լսած ամենաանհեթեթ բամբասանքը
Իբրև իմ պաշտպանյալներից մեկը ինձ Միջերկրական ծովում կղզի է նվիրել
7. Եթե Ձեր մասին պատմող ֆիլմ լիներ ինչպե՞ս կկոչվեր այն
Այն կկոչվեր․ «Մեկ օր շարքային փաստաբանի կյանքից»
8. Կարգապա՞հ աշակերտ եք եղել դպրոցում, թե՞ դասերից փախչելն այնուամենայնիվ ավելի հետաքրքիր էր
Լավ եմ սովորել, բայց կարգապահությամբ աչքի չեմ ընկել։ Սակայն դա ինձ ներվել է, հաշվի առնելով բարձր գնահատականներս։ Հիշելով մեր արկածները, հիմա հասկանում եմ, թե որքան մեծահոգի են եղել այն ժամանակ մեծերը
9.Եթե ոչ փաստաբան, ապա ․․․
Մինչև փաստաբան դառնալը եղել եմ ինժեներ, խառատ, արծաթագործ։ Բայց, եթե հիմա ինչ-որ պատճառով թողնեմ փաստաբանական գործունեությունս, կզբաղվեմ մեղվաբուծությամբ
10․ Ինչո՞վ է օգնում և խանգարում փաստաբան լինելն անձնական կյանքում
Միայն օգնում է։ Միակ թերությունն այն է, որ ազատ ժամանակ շատ քիչ է մնում
11. Դատական նիստից հետո հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը
Եթե ժամանակ է լինում, ապա՝ թենիս կամ լող։ Եթե ժամանակ չի լինում, ապա 30-40 րոպե նստում եմ համակարգչի առաջ, լուրերն եմ կարդում կամ «Ֆեյսբուք»-ի անցուդարձին եմ հետևում
12. Եթե Ձեզ էլ մի օր փաստաբան պետք լինի, ու՞մ կդիմեք
Ինձ հաճախակի է փաստաբան պետք եղել, քանի որ պարբերաբար տուգանվում եմ ճանապարհային երթևեկության կոնոնների խախտման հիմքով։ Այնպես որ կարող եմ ասել փաստաբանիս տվյալները՝ Լուսինե Միշայի Մկրտչյան։ Նա իմ ներկայացուցիչն է եղել նաև մասնագիտական առումով շատ հետաքրքիր մի քաղաքացիական գործով։ Բոլոր գործերս շահել է
13. Օրինակ վերցնելը և օրինակելի լինելը․․․
Հնարավոր է, որ որոշ մարդկանց համար եղել եմ օրինակելի, բայց ինքս երբևէ չեմ ձգտել այդպիսին լինել, քանի որ շատ է սահմանափակում մարդու ներքին ազատությունը։ Ինչ վերաբերում է օրինակ վերցնելուն, ապա վաղուց արդեն մի սկզբունք եմ որդեգրել․ եթե ինչ - որ մեկի (հատկապես տարիքով ինձանից մեծի) մոտ մի բան եմ նկատում, որն ինձ մոտ հակակրանք է առաջացնում, ապա անպայման հիշում եմ, որպեսզի հետագայում ինքս այդպես չանեմ
14. Պատրա՞ստ եք ստանձնել Ձեր կնոջ պաշտպանությունը՝ Ձեզ հետ վիճելու պահին
Պատրաստ եմ (երկար մտածելուց հետո)
15. Հաճա՞խ եք Ձեր աշխատանքային կապերն օգտագործում անձնական հարցեր լուծելու համար
Ընդգծված կերպով խուսափում եմ դրանից։ Թեև պատահում են իրավիճակներ, երբ այս կամ այն հարցը հաջողվում է հեշտությամբ լուծել, քանի որ այն անձիք, ումից կախված է հարցի լուծումը, ինձ ճանաչում են
16. Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել
Անարդարությունը։ Թեև սովորաբար կարողանում եմ ինձ կառավարել
17. Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում
Հարցի վրա շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ ոչ մեկը։ Եթե փոխեի ապա ես արդեն չէի լինի, կլիներ մեկ այլ մարդ։ Գուցե ավելի կատարյալը, բայց ուրիշը
18. Այսօրվա իմաստությամբ ու կյանքի փորձով ի՞նչ խորհուրդ կտայիք 20 տարեկան Հայկ Ալումյանին
Վայելիր տարիքդ, մի շտապիր մեծանալ։ Գնահատիր այն հարազատներիդ հետ շփումը, ովքեր շուտով հեռանալու են այս կյանքից
19. Երեկոյան Երևանում հատկապես որտե՞ղ կարելի է Ձեզ տեսնել
Փաստաբանական գրասենյակում, հասցե՝ Գ․Լուսավորչի 15/1
20. Ձեր կյանքի կարգախոսը
Ցանկացած մարդ արժանի է քո հարգանքին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել
Լուսանկարը տրամադրեց Հայկ Ալումյանը
Բեռնել
Վերադառնալ